Արմինֆո. «Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի շուրջ խոսել եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց չեմ ցանկանում բացահայտել այդ խոսակցության նյուանսները»,- «Էխո Մոսկվի» ռադիոկայանին հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Միաժամանակ Փաշինյանը հավաստիացրել է, որ Ադրբեջանին զենքի վաճառքի մասին խոսակցությունը կշարունակվի, ըստ որում՝ ոչ միայն Ռուսատանի, այլ նաև Բելառուսի՝ ՀԱՊԿ գծով Հայաստանի գործընկերների հետ: Նա ընդգծել է, որ Հայաստանը մտադիր չէ լքել ՀԱՊԿ շարքերը և անդամակցել ՆԱՏՕ-ին. «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և մենք ցանկանում ենք, որպեսզի այդ կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն ավավել արդյունավետ դառնա»: Այնուամենայնիվ, ՀՀ վարչապետը նշել է, որ տարբեր խաղաղապահ ծրագրերի շրջանակներում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերությունը կշարունակվի: «Այդ համագործակցությունը որևէ մեկի դեմ ուղղված չէ: Այդ շրջանակներում մենք համագործակցում ենք նաև Վրաստանի հետ, որովհետև, ցավոք, մենք և Վրաստանն արտաքին քաղաքական տարբեր վեկտորներ ունենք, և մենք պետք է այդ իրավիճակն ինչ-որ կերպ հավասարակշռենք: ՆԱՏՕ-ի շրջանակներում մեզ համար շատ կարևոր են Վրաստանի հետ հարաբերությունները»,- պարզաբանել է Փաշինյանը: