Արմինֆո.Փաշինյան-Թրամփ հանդիպման կազմակերպման հարցը գտնվում է Հայաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների օրակարգում: Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական հաղորդմանը տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը
Նրա խոսքով, քննարկվում է սեղմ ժամկետներում հանդիպման կազմակերպման հնարավորությունը, ինչպես նաև դրա օրակարգը: Անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող լուրերին, որ վերջերս ԱՄՆ կատարած իր այցի և կենգրեսականների հետ հանդիպման ընթացքում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը «խնդրել է» վերջիններսի կազմակերպել Փաշինյանի հետ Թրամփի հանդիպումը՝ դեսպանը նշել է, որ նախաձեռնությունը բխել է կոնգրեսականներից: «Այսինքն՝ օրենսդիրը դիմում է նախագահական աշխատակազմ՝ քաջալերելով նման հանդիպման անցկացումը»,- պարզաբանել է դիվանագետը:
Մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե Միրզոյանի ԱՄՆ այցից հետո
արգելափակել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հնարավոր մուտքը Հայաստան, դեսպանը նշել է, որ որոշումը կայացվել է Արարատ Միրզոյանի ԱՄՆ կատարած այցից առաջ: «Ելնելով հանրապետության տնտեսական աճի ցուցանիշներից՝ Հայաստանը դասվել բարձր միջին եկամուտ ունեցող երկրների շարքին, ինչը թույլ չի տալիս Հայաստանը ներառել այդ ծրագրում»,- բացատրել է դիվանագետը: Ըստ որում, նա հավաստիացրել է, որ կորպորացիայի որոշումն անսպասելի է եղել թե հայկական կողմի, թե Պետդեպարտամենտի համար:
Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերություններն այնքան հագեցած և բազմաշերտ են, որ պետք չէ սևեռվել մեկ ծրագրի վրա: «Համագործակցության դիվերսիֆիկացման հնարավորություններն այնքան մեծ են, որ մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է Հովհաննիսյանը: