Արմինֆո. Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին։
Ողջունելով հյուրին` պետնախարարը կարևորել է Արցախում և ՀՀ-ում տնտեսական զարգացման ծրագրերի և իրականացվող բարեփոխումների ներդաշնակեցումը։
Ա. Մինասյանը, ներկայացնելով իր գլխավորած պատվիրակության արցախյան այցելության առաջնահերթությունները, տեղեկացրել է, որ դրանք ներառում են արցախյան արտադրանքի միջազգային արտահանումը, որակի ենթակառուցվածքների (սերտիֆիկացում, հավատարմագրում) զարգացման հարցում փորձի փոխանակում և արցախյան զբոսաշրջային բարիքների պատշաճ իրացում։
Դրական գնահատելով նման ձեռնարկումները՝ Գ. Մարտիրոսյանը հատկապես կարևորել է փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման և զարգացման պետական ծրագրերի երկուստեք կատարելագործումը։ Կողմերն այս հարցում որպես կիրառական լուծման օրինակ՝ քննարկել են արցախյան սերտիֆիկացման ծառայությունների ինտեգրումը ՀՀ համապատասխան դաշտի հետ։
Հանդիպման ավարտին զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև արցախյան որոշ զբոսաշրջային ուղղությունների զարգացման մասին։ Հանդիպմանը ներկա էր ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը: