Արմինֆո.«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը ուրախությամբ է ընդունել այն լուրը, որ Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը պաշտպանում է Արթուր Վանեցյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Վստահ ենք, որ նրա ընտրվելը միայն ու միայն կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանն ու առաջընթացին՚, - ասվում է ակումբի մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին (հնարավոր է` սեպտեմբերի 10-15-ին) կկայանա ՀՖՖ նախագահի ընտրություն: 2002 թվականից ՀՖՖ գլխավորող Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, թե ԱԱԾ տնօրենը ՀՖՖ նախագահի պաշտոնի լավագույն թեկնածուն է, ու եթե Վանեցյանն իր թեկնածությունն առաջադրի, ապա ինքը` Ռուբեն Հայրապեպտյանը չի առաջադրվի և կպաշտպանի Վանեցյանի թեկնածությունը: Միևնույն ժամանակ, հուլիսի 19-ին լրագրողների հետ զրույցում ԱԱԾ ղեկավարը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել ՀՖՖ նախագահի պաշտոնի համար իր առաջադրման հարցը, թեև առայժմ վերջնական որոշում չի կայացրել: Վանեցյանն ընդսմին չի թաքցրել, որ ՀՖՖ գլխավորելու ցանկություն ունի և մտածում է այդ ուղղությամբ: «Սակայն պատրաստ եմ իմ թեկնածությունն առաջադրել միայն այն դեպքում, եթե ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներն ինձ հավաստիացնեն, որ դեմ չեն լինի այդ որոշմանը՚, - պարզաբանել է նա: Հայրապետյանի աշխատաոճից դժգոհ ֆուտբոլային ակումբներն անմիջապես արձագանքել են ԱԱԾ տնօրենի հայտարարությանը: Նրանք սկսել են հանդես գալ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար Վանեցյանի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ հայտարարություններով: Իրենց աջակցության մասին հայտարարել են «Արարատ-Արմենիա՚ ակումբը, Հայաստանի բազմակի առաջատար «Փյունիկը՚: «Շիրակ՚ ակումբը, որը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշմամբ զրկվել էր երկրի չեմպիոնի տիտղոսից, նույնպես կսատարի Վանեցյանին: Ֆուտբոլային ֆանատների «Առաջին հայկական ճակատ՚ (FAF) նախաձեռնող խումբը նույնպես ողջունել է Վանեցյանի թեկնածության հնարավոր առաջադրումը: Խմբի համոզմամբ, ԱԱԾ տնօրենը պետք է ժամանակավորապես գլխավորի ֆեդերացիան, ոլորտում արմատախիլ անի կոռուպպցիան և նախագահի պաշտոնը հանձնի ֆուտբոլում հայտնի անձանցից մեկին: Սեպտեմբերի սկզբին Հայաստանի զգային հավաքականը խաղալու է «Ազգերի լիգայի՚ մրցաշարում: