Արմինֆո. Օրերս ադրբեջանական կողմում գերության մեջ հայտնված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանը զինվորական չէ, ինչպես փորձում է ներկայացնել Բաքուն: Նա քաղաքացիական անձ է, և բոլոր համապատասխան փաստաթղթերը տրամադրվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե և ԵԱՀԿ Մինսկի միջնրոդներին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նրա ասելով, Ղազարյանի հարազատներն արդեն դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Այսինքն, մենք աշխատում ենք երք ուղղությամբ՚, - հաղորդել է նախարարը, ընդսմին հավելելով, որ Ադրբեջանի իշխանություններն առայժմ ԿԽՄԿ ներկայացուցիչներին թույլ չեն տվել հանդիպել Ղազայանի հետ: «Սակայն ես մշտական կապ եմ պահպանում ԿԽՄԿ հետ` այդ հանդիպումն ինչ-որ կերպ արագացնելու նպատակով՚, - ամփոփել է նախարարը:
Անդրադառնալով սահմանին առկա իրավիճակին` Տոնոյանը հայտարարել է, որ այն այժմ կայուն է:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Ադրբեջանում գերության մեջ է հայտնվել Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանը, ով ունի առողջական խնդիրներ և գիշերը մոլորվել է: Մինչդեռ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարելն է, թե «հուլիսի 15-ի առավոտյան ժամերին Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն- հետախուզական խումբը Ղազախի շրջանի ուղղությամբ փորձել է սահմանին ոտնձգություն կատարել, այդ փորձը կանխվել է, հակառակորդը հարկադրված է եղել նահանջել՚, և գերեվարվել է «հայ զինծառայող՚ Կարեն Ղազարյանը: