Արմինֆո. «Չեմ կարծում, որ որևէ մեկը, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանն, ունի Սահմանադրությամբ բացարձակ իմունիտետ: Եթե պարզվի, որ նրան մեղադրանքներ առաջադրելու հիմք կա, դրանք կառաջադրվեն նրան»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, համարել, թե ինչ-որ մեկը բացարձակ իմունիտետ ունի օրենքի առջև, ճիշտ չէ: «Մնացածը քննչական մարմինների գործն է, կարող եմ միայն ասել, որ ներկայացնելով Հատուկ քննչական ծառայության պետին՝ հստակ ասել եմ, թե ինչ խնդիրներ են դրված այդ կառույցի առջև: Գլխավոր խնդիրներից մեկը մարտի 1-ի դեպքերի ամբողջական քննությունը և բացահայտումն է: Ուրախ եմ, որ այդ հարցում լուրջ տեղաշարժեր ունենք, և հուսով եմ, որ դրանք կոնկրետ արդյունքների կբերեն: Շատ կարևոր եմ համարում, որ քննությունն ընթանա բոլոր ներգրավված անձանց և օրինականության բացարձակ պահպանությամբ»,- նշել է Փաշինյանը:
Վարչապետն ընդգեծել է, որ իր համար խայտառակություն կլինի, եթե ՀՀ-ում քաղաքական բանտարկյալներ լինեն: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ՀՀ-ում մենք չենք ունենա քաղբանտարկյալներ, բայց դա չի նշանակում, որ որևէ քրեական գործ կանգնելու է՝ ինչ-որ մեկի անձով պայմանավորված: Եթե քրեական պատասխանատվություն ենթարկելու համար լինեն բավարար օրինական հիմքեր, ցանկացած մարդ կենթարկվի պատասխանատվության»,- եզրափակել է Փաշինյանը:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության է կանչվել Հատուկ քննչական ծառայություն: Քանի որ երկրորդ նախագահը գտնվում է արտերկրում, նա խոստացել է հարցաքննության ներկայանալ հուլիսի 26-ին: ՔՀԾ-ն խոստացել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել դատավարական հարկադրական միջոցներ`հետագայում հարցաքննության չներկայանալու դեպքում: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն իր հերթին հավաստիացրել է, որ Քոչարյանն ինքն է շահագրգռված մարտի 1-ի դեպքերի բացահայտմամբ: «Եթե բոլոր գործընթացներն ընթանան իրավական, այլ ոչ թե քաղաքական հունով, Քոչարյանը որևէ մտավախություն չունի»,- ասել է Սողոմոնյանը: