Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսում լրագրողներին պատմել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման մասին: Վարչապետը, մասնավորապես, նշել է, որ հանդիպումը կայացել է Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ:
«Տեր-Պետրոսյանը ցանկություն էր հայտնել ինձ հետ որոշակի հարցեր քննարկելու, և ես նրան հրավիրեցի հանդիպման՚, - ասել է վարչապետը: Նրա հավաստմամբ, առաջին նախագահը ցանկացել է իրեն որոշակի տեղեկություններ հաղորդել ղարաբաղյան հարցի վերաբերյալ, որոնք, Տեր-Պետրոսյանի կարծիքով, կարող էին վարչապետին հայտնի չլինել: «Զրույցը շատ օգտակար էր, սակայն այն ամենը, ինչ նա պատմեց, ինձ արդեն հայտնի էր՚, - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո ինքն, առաջին հերթին, մանրամասն տեղեկատվություն է ստացել ղարաբաղյան հակամարտության և բանակցությունների մասին: «Այդ նպատակով ես հրավիրել էի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Եվ չեմ բացառում, որ առաջիկայում էլ կարող է նման հանդիպում տեղի ունենալ: Իսկ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը մենք ներքաղաքական հարցերի չենք անդրադարձել՚, - ընդգծել է Փաշինյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք վարչապետը մտադիր է հանդիպել Հայաստանի մյուս նախկին նախագահների հետ, Փաշինյանը նշել է. «Առաջին նախագահը հանդիպելու ցանկություն էր հայտնել: Եթե մյուսներն էլ նման ցանկություն ունենան, մենք դա կքննարկենք: Տվյալ պահին ես դրա անհրաժեշտություն չեմ տեսնում, սակայն չի բացառվում, որ ինչ-որ պահի անհրաժեշտություն ծագի: Այսինքն, ես չեմ ասում. «Ոչ, ես նրանց հետ չեմ հանդիպի՚, - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: