Արմինֆո. «Կադրային ջարդ» ՀՀ քննչական կոմիտեում չի լինի: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է գերատեսչության նորանշանակ ղեկավար Հայկ Գրիգորյանը:
Նրա խոսքով, իր համար կադրային զտումներ երևույթն ինքնին անընդունելի է: Նա Քննչական կոմիտեն հին կադրերից մաքրելու խնդիր չի դնում: Կիսամյա աշխատանքի արդյունքների հիման վրա Գրիգորյանը եզրակացություններ կանի կոնկրետ ստորաբաժանման և աշխատակցի աշխատանքի առնչությամբ:
Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Հայկ Գրիգորյանը, Քննչական կոմիտեի յուրաքանչյուր քննիչ, աշխատակից կգնահատվի 3 հիմնական չափորոշիչներով՝ նվիրվածություն աշխատանքին, պրոֆեսիոնալիզմ և անկաշառություն: «Կադրերի հարցում որևէ այլ չափորոշիչով չեմ պատրաստվում կողմնորոշվել», - հայտարարել է նա:
Միաժամանակ, ՔԿ ղեկավարի խոսքով, աշխատանքի կազմակերպումը և անձնակազմի կառավարումը պետք է իրականացվի հետևյալ սկզբունքների հիման րա՝ ղեկավարի անձնական օրինակ, անձնակազմի նկատմամբ հոգատարություն և «չափազանց արդար պատիժ» թույլ տրված սխալի համար:
Ինչ վերաբերում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից Վահագն Հարությունյանի ազատմանը՝ գերատեսչության նոր ղեկավարի նշանակումից մի քանի օր անց, Գրիգորյանի խոսքով, Հարությունյանը զբաղեցրած պաշտոնից հեռացել է սեփական ցանկությամբ: Ներկայումս ՔԿ այլ աշխատակիցներ, ովքեր ցանկանում են լքելԿոմիտեն, չկան: