Արմինֆո. Հայաստանը Վրաստանին առաջարկել է համաձայնեցնել դիրքորոշումները և ձեռնպահ մնալ Թբիլիսիի ու Երևանի շահերին հակասող բանաձևերի շուրջ քվեարկությունից, այդ թվում` նաև ՄԱԿ-ում: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով ՄԱԿ-ում Վրաստանի նախաձեռնած բանաձևերի շուրջ Հայայստանի քվեարկությանը, ինչը պաշտոնական Թբիլիսին ցավագին է ընկալել:
Բալայանը փաստել է, որ այդ հարցը բազմիցս բարձրացվել է, և հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել գտնելու փոխընդունելի լուծում: «Մենք բարձրագույն մակարդակով վրացի գործընկերներին առաջարկել ենք համաձայնեցնել դիրքորոշումները և ձեռնպահ մնալ միմյանց դեմ բանաձևերի շուրջ քվեարկությունից: Նաև` չստորագրել հայտարարություններ, որոնք հակասում են Վրաստանի և Հայաստանի շահերին: Մենք դա առաջարկել ենք բարձրագույն մակարդակով: Վրացկական կողմն առ այսօր մեզ պատասխանել է, որ չի կարող գնալ այդ քայլին: Ահա` որն է հարցը՚, - պարզաբանել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակը:
Հավելենք, որ Երևանի ու Թբիլիսիի միջև պարբերաբար «սև կատու՚ է անցնում այս կամ այն բանաձևի շուրջ հերթական քվեարկության արդյունքում, որն առնչվում է կամ Հայաստանի, կամ Վրաստանի շահերի պաշտպանությանը: Կան նուրբ հարցեր, որոնց շուրջ քվեարկությունը մթագնում է երկկողմ բարեկամական հարաբերությունները: Այս անգամ երկկողմ հարաբերությունների համար փորձաքար է դարձել ՄԱԿ-ում Վրաստանի նախաձեռնած բանաձևը, որը նախատեսում է փախստաանների վերադարձ Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններ: