Արմինֆո. Ռուս պրանկերներ Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) և Վալդիմիր Կուզնեցովը (Վովան) զանգահարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին նրա հետ զրուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից:
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան, մտածելով, թե խոսում է Հայաստանի նոր վարչապեպտի հետ, իրեն թույլ է տվել մի քանի անկեղծ արտահայտություն, այդ թվում` ԱՄՆ նախագահ Թրամփի մասին:
Ինչպես հաղորդում է URA.RU-ն, հեռախոսազրույցը տեղի է ունեցել, ամենայն հավանականությամբ, Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, սակայն պրանկերները միայն վերջերս են որոշել այն հրապարակել:
Պրանկեր Լեքսուսը Հայաստանի վարչապետի անունից մտահոգություն է հայտնել Իրանի հետ միջուկային գործարքին առնչվող իրավիճակի կապակցությամբ, պարզաբանելով, որ Հայաստանն ու Իրանը հարևան երկրներ են: «Ինձ թվում է, որ Դոնալդ Թրամփը մեծ սխալ է թույլ տվել: Մենք` եվրոպացիներս, հավատարիմ ենք միջուկային գործարքի պայմաններին: Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, մյուս երկրները, այդ թվում ինքը` ԵՄ-ն, հավատաիմ կլինենք այդ համաձայնագրի պայմաններին՚, - ի պատասխան հայտարարել է Յունկերը:
«Հայաստանի կառավարության ղեկավարը՚ նաև Յունկերին խնդրել է ազդել ԱՄՆ վրա, որը ճնշում է գործադրում հանրապետության նկատմամբ: «Մենք ստիպված ենք կրկին և կրկին պարոն Թրամփին բացատրել, թե ինչպես է կառուցված աշխարհը: Նա չի հասկանում, թե աշխարհում ինչ է տեղի ունենում՚, - նշել է նա: Փոխարենը` Յունկերը Փաշինյանին խորհուրդ է տվել բարեկամություն անել Պուտինի հետ: «Նա իմ անձնական բարեկամն է, - խոստովանել է Եվրահանձնաժողովի ղեկավարը, -ես նրա հետ կարող եմ խոսել ցանկացած անհրաժեշտության դեպքում՚, - ամփոփել է Յունկերը: