Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր բանակցող Սարահ Քրոֆթի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման մեկնարկը ՄԹ օրենսդիր մարմնի կողմից:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, փոխարտգործնախարարը հույս է հայտնել, որ հուլիսի 18-ին Լորդերի պալատում նախատեսված քննարկումները կընթանան սահուն՝ ճանապարհ հարթելով Համաձայնագրի վերջնական վավերացման համար։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել «Բրեքսիթի» գործընթացի շուրջ։ Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են «Բրեքսիթից» հետո երկկողմ իրավական նոր շրջանակի ձևավորման հնարավորությանը, ինչպես նաև ՀՀ-ՄԹ այս պահին գործող միջազգային պայմանագրերի արդիականությանը և դրանց առնչվող հարակից հարցերին։