Արմինֆո. Հայրենադարձների համար գրավիչ ծրագրերը կառավարության՝ գործադիր իշխանության առանձնաշնորհն են: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք երկիրը տասնյակ հազարավոր մարդկանց վերադարաձին, աշխատանք կա նրանց համար:
«Իսկապես, հիմա մեծ հոսք կա: Հայրենադարձների համար գրավիչ ծրագրերը կառավարության՝ գործադիր իշխանության առանձնաշնորհն են: Իմ կողմից, բնականաբար, լիակատար աջակցություն կլինի, կլինեն նախագահական նախաձեռնություններ:
Ի՞նչ քայլեր են այստեղ անհրաժեշտ՝ ներդրումային ծրագրերից բացի: Կարեւորը, որ երկրում մթնոլորտը նորմալ լինի. չլինի կոռուպցիա, որ դատարանները նորմալ աշխատեն, որ մարդիկ իմանան՝ իրենց խնդիրները օրինական լուծում կստանան: Եվ հիմա արդեն շատ բան արվում է ճիշտ ուղղությամբ:
Սիրիայից եկողներից շատերը պատերազմի պատճառով կորցրել են բացարձակապես ամեն ինչ: Նրանք տեղափոխվում են Հայաստան եւ ամեն ինչ սկսում զրոյից: Եվ նրանք չեն ուզում հեռանալ, այսինքն, Հայաստանը նրանց համար տարանցիկ կայան չէ, նրանք ցանկանում են այստեղ ապրել»,- ասելէ Սարգսյանը:
Խոսելով այն մասին, թե ինչ պետք է անել, որպեսզի երիտասարդությունը դպրոցից հետո չհեռանա երկրից՝ ՀՀ նախագահը նշել է, որ դա նույնպես ավելի շատ գործադիր իշխանության խնդիրն է: «Բայց, միաժամանակ, կարծում եմ, որ ժամանակակից աշխարհում հնարավոր չէ ինչ-որ մեկին պահել նույն տեղում: Ընդհակառակը, պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի երիտասարդությունը մեկնի սովորելու Ռուսաստան, այլ երկրներ, աշխարհի լավագույն բուհեր, հետո վերադառնա տուն եւ երբեք չկորցնի Հայրենիքի հետ կապը:
Հայաստանի համար մոդելը պարզ է՝ փոքր երկիր, բայց գլոբալ ազգ: Չէ՞ որ սփյուռքն այսօր Հայաստանի հսկայական առավելությունն է: Ուստի, ուժեղ սփյուռք՝ ուժեղ Հայաստան: Ի դեպ, հայկական ամենամեծ սփյուռքը հենց Ռուսաստանում է եւ մեզ ամենամոտը՝ թե ֆիզիկապես, թե ոգով»,- ասել է նա: