Արմինֆո. Հայ-ռուսական հարաբերությունների գործնական մասն ամրապնդման կարիք ունի: Այդ մասին հուլիսի 17-ին Երևանում «ԵԱՏՄ տարածության երիտասարդական և հումանիտար չափում» կլոր սեղան-խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է քաղաքականության, պաշտպանության և անվտանգության բնագավառում ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:
«Հետագա փոխգործակցության ներուժն ամուր է, սակայն անհրաժեշտ է ամրապնդել գործնական մասը, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իր վրա զգա բոլոր այն դրական պտուղները, որոնք պաշտոնական Երևանին տալիս է Եվիասիական տնտեսական միությանն անդամակցությունը»,- նշել է փորձագետը: Ըստ որում, նա ավելացրել է, որ դա պետք է արտահայտվի՝ այդ թվում առաջին անհրաժեշտության ապրանքների գների նվազման տեսքով:
Տրոֆիմչուկը նաև համոզմունք է հայտնել, որ պետք է վերացնել Հայաստանում և հայ հասարակությունում ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ գոյություն ունեցող անվստահության տարրերը: Բացի այդ, նա գտնում է, որ փորձագիտական մակարդակով պետք է ավելի հստակ պաշտպանվեն Հայաստանի շահերը: «Ավելին, հայ հասարակությունը պետք է բարձրացրած հարցերին հստակ պատասխաններ ստանա, որպեսզի բացառվեն ապաինտեգրացիոն դրսևորումները: Մեր հարաբերությունների կարևոր տարր է նաև Հարավային Կովկասում կայունության ապահովումը»,- ասել է փորձագետը՝ հիշեցնելով 2016 թ. ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրացումը, որը հաջողվեց կանգնեցնել Ռուսասանի ջանքերի շնորհիվ: Սակայն, Տրոֆիմչուկը համոզմունք է հայտնել, որ սառեցված իրավիճակը չի կարող հավերժ պահպանվել, և ինչքան երկար է իրավիճակը չլուծված մնում, այնքան ավելի շատ վտանգ է պարունակում, այդ թվում՝ հայ-ռուսական հարաբերությունների համար:
Ռուսաստանցի փորձագետը գտնում է, որ Ռուսասատանը՝ որպես ռազմավարական դաշնակից, պետք է անվտանգության հստակ երաշխիքներ տա Հայաստանին: «Մեզ պետք չեն փորձագետներ, ովքեր Ադրբեջան այցի ժամանակ մեկ բան են ասում, Հայաստան այցի ժամանակ՝ բոլորովին հակառակ բանը, դա վնաս է հասցնում անվտանգությանը: Պետք է լինեն փորձագետներ, ովքեր հստակ դիրքորոշում են հայտնում, ինչը տեղավորվում է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան հարաբերոեւթյունների եռանկյունում»,- նշել է նա: