Արմինֆո. Հայաստանում թավշյա հեղափոխությունը մեծ նշանակություն է ունեցել մեր երկրի համար, և վստահ եմ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո, վերջապես, կձևավորվի ժողովրդի կողմից ընտրված խորհրդարան և կառավարություն: Այդ մասին հուլիսի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ըստ որում, Հովհաննիսյանը նշել է, որ ընտրություններում անցումային շեմը պետք է իջեցնել: Նա նշել է, որ նպատակահարմար է համարում ընտրությունների ժամանակ հանդես գալ միասնական ցուցակով: «Կարծում եմ, որ դա ամենաճիշտ տարբերակն է առաջիկա ընտրություններում: Միասնական ցուցակի վերաբերյալ մեր առաջարկը կապված է նաև այն բանի հետ, որ սա նաև մեր հաղթանակն է, քանի որ երկար տարիներ մենք պայքարել ենք նոր Հայաստանի ստեղծման համար: Մենք առայժմ չգիտենք, թե ինչպես կընթանան ընտրությունները և չենք որոշել՝ միայնակ կգնանք ընտրությունների, թե դաշինքի կազմում, բայց մեկ բան հստակ է՝ «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա ընտրություններին»,- նշել է Հովհաննիսյանը:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավարն առաջարկում է Ավագանու խորհրդի ընտրություններին նույնպես գնալ միասնական ցուցակով:
Քաղաքական գործիչը ողջունել է ԱԱԾ կողմից իրականացվող բացահայտումները: «Ամեն մարդ, ով խախտել է օրենքը, պետք է պատասխան տա դրա համար: Իհարկե, բոլորիս համար ակնհայտ է, որ խնդիրը ինչ-որ քաղաքական գործչի կամ գեներալի մեջ չէ, դա համակարգային խնդիր է: Հուսով եմ, որ շուտով բոլոր խախտումներն ու չարաշահումները կբացահայտվեն, և ԱԱԾ-ն կզբաղվի իր անմիջական պարտականություններով՝ հետախուզությամբ»,-ընդգծել է Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է վերջին նշանակումներին, մասնավորապես, հաշվի առնելով, որ հաճախ բարձր պաշտոնների նշանակվում են երիտասարդ և անփորձ կադրեր՝ քաղաքական գործիչը հայտարարել է, որ, ըստ երևույթին, դա ժամանակավոր որոշում է, և ընտրություններից հետո կառավարությունը ևս մեկ անգամ կվերանայի այդ նշանակումները:
Անդրադառնալով նոր կառավարության կողմից տարվող արտաքին քաղաքականությանը՝ Հովհաննիսյանը հայտարարել է, որ այն իրականացվում է շատ գրագետ և համապատասխանում է ավելի վաղ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների կողմից արտահայտված առաջարկներին: «Մենք միշտ նշել ենք, որ չպետք է այլ երկրի նահանգը լինենք, և նոր կառավարությունը նույնպես գիտակցում է դա: Չնայած մենք մնում ենք ԵԱՏՄ կազմում՝ մենք նաև սկսել ենք ակտիվորեն համագործակցել Եվրոպայի հետ: Եվ վարչապետի Բրյուսել այցը դրա գլխավոր վկայությունն է»,- ընդգծել է քաղաքական գործիչը:
Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, որ Արցախը նույնպես պետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացին, «Ժառանգության» առաջնորդը հայտարարել է, որ եթե ԼՂՀ-ն վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, դա, անշուշտ, ճիշտ քայլ կլինի: «Արցախը հակամարտության հիմնական կողմն է, և գտնում եմ, որ հանրապետության ներկայացուցիչները լիակատար իրավունք ունեն մասնակցելու բանակցային գործընթացին և արտահայտելու իրենց տեսակետը»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: