Արմինֆո. Եվրամիությունը ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում առանց նախապայմանների լիարժեք մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններին, հայտնել է ԵՄ դիվանագիտական ծառայությունը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումից հետո:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդիպման ընթացքում հաստատել է աջակցությունը ղարաբաղյանհակամարտության խաղաղ կարգավորմանը: «Այդ համատեքստում խիստ կարևոր է, որ կողմերը առանց նախապայմանների լիարժեք մասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններին»,- նշված է հայտարարության մեջ: ԵՄ-ն պատրաստ է նաև աջակցել Հայաստանում հաջորդ ընտրությունների կազմակերպմանը և դրանց նկատմամբ մոնիթորինգին:
«Կողմերը քննարկել են Հայաստանի նոր կառավարության՝ բարեփոխումներ իրականացնելու հանձնառությունը և այդ նպատակով արդեն ձեռնարկված հստակ գործողությունները: Մոգերինին հաստատել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցություն ցույց տալ բարեփոխումներին, այդ թվում՝ տեխնիկական և ֆինանսական օգնություն ցուցաբերելու միջոցով, և ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարի և դատական բարեփոխման կարևորությունը»,- ասված է ԵՄ դիվանագիտական ծառայության հաղորդագրությունում:
«Արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը նաև ընդգծել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցել հաջորդ ընտրությունների կազմակերպմանը և մոնիթորինգին, որոնք պետք է անցկացվեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկների համաձայն»,- հայտնել է դիվանագիտական ծառայությունը: