Արմինֆո. Հայաստանը պատրաստ է համագործակցել բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Եվրապայի հետ, ինչի վկայությունը ՀՀ և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումն է: Այդ մասին հուլիսի 11-ին հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Պատահական չէ, որ վարչապետի առաջին այցը եղել է Վրաստան։ Մեզ համար շատ կարևոր է խորացնել մեր հարաբերությունները Վրաստանի հետ։ Վերջերս հայտարարվեց, որ վարչապետը հրավիրված է Իրան, հստակեցվում են այցի ժամկետները։ Պատահական չէ, որ առաջին այցերից մեկը եղել է ՌԴ։ Չնայած այն բանին, որ ձևաչափը բազմակողմ էր, այնուամենայնիվ, տեղի ունեցան հանդիպումներ»,- ընդգծել է փոխարտգործնախարարը:
Նա նշել է, որ արտաքին քաղաքկանությունում յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է իր շահերով: «Պետք չէ որևէ երկրից ավելին սպասել, քան դա պահանջում է վերջինիս շահերը: Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ»,- նշել է Քոչարյանը:
Քոչարյանը բնական է համարել օտարերկրյա պետությունների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ինչպես հեղափոխության ժամանակ, այնպես էլ դրանից հետո: «Ընդհանուր առմամբ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է: Դա վերաբերում է թե Եվրոպային, թե Ռուսաստանին, թե ԱՄՆ-ին»,- նշել է Քոչարյանը:
ՀՀ փոխարտգործնախարարը նշել է Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցի կարևորությունը: «Այցի արդյունքները կտեսնենք մոտ ժամանակներս»,-հավաստիացրել է նա: