Արմինֆո.Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է լիբանանյան գործարար, <> ընկերության հիմնադիր Նիկոլյա Ժորժ Աբու Ֆայսալին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից, քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում Լիբանանի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմանը՝ ընդգծելով, որ համագործակցության համար առկա են բավարար պայմաններ:
Նույն օրը Նիկոլյա Աբու Ֆայսալին ընդունել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Արցախի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Մասիս Մայիլյանը ողջունել է Նիկոլյա Աբու Ֆայսալի այցը՝ ընդգծելով հանրապետության տնտեսական ներուժին ծանոթանալու կարևորությունը։
Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ արտաքին տնտեսական կապերի զարգացումը և օտարերկրյա ներդրումների ներգրավումը արտաքին գործերի նախարարության և հանրապետության շահագրգիռ կառույցների առաջնահերթություններից են, և այդ խնդիրների համապարփակ իրականացման նպատակով Արցախի իշխանությունները հետևողական քայլեր են ձեռնարկում՝ ուղղված հանրապետությունում տնտեսական գործունեության և ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծման համար կայուն և թափանցիկ պայմանների ապահովմանը։ Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը լիբանանցի ձեռնարկատիրոջն է ներկայացրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև անվտանգության և Արցախի խաղաղ զարգացման համար պայմանների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Նիկոլյա Աբու Ֆայսալը Լիբանանում գյուղատնտեսական ոլորտի խոշորագույն ձեռնարկություններից մեկը համարվող «Gardenia Grain D’Or» ընկերության հիմնադիրն է։ Ընկերությունը ներկայացված է աշխարհի 50 երկրներում։