Արմինֆո.: Հաշվի առնելով, որ արտախորհրդարանական ուժերը դեռևս չեն ներգրավվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումներին, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը նպատակահարմար է գտնում այս փուլում հրապարակել, իրենց կարծիքով, ամենաառացքային մի քանի փոփոխություններ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀԴԿ լրատվական ծառայությունից, դրանք հետևյալն են.
- Բացառել վարկանիշային ընտրակարգը և անցնել ընտրությունների ամբողջական համամասնակական համակարգին:
- Բացառել ընտրություներին մասնակցության համար գրավադրման պայմանը, փոխարենը ներդնելով ստորագրահավաքի ինստիտուտը՝ 10000-15000 ստորագրությամբ: Ցանկացած կուսակցություն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կարգով, ազատորեն իրավունք պետք է ունենա մասնակցել ընտրություններին:
- Վստահված անձանց և դիտորդների իրավունքները պետք է հավասարեցված լինեն հանձնաժողովի անդամի իրավունքներին՝ բացառությամբ քվեարկության իրավունքը:
- Ընտրական հանձնաժողովները պետք է ձևավորվեն բացառապես գործող իշխանության միջոցով և իրենք էլ կրեն դրանց գործունեության պատասխանատվությունը: Դրանք պետք է լինեն խիստ մասնագիտացված մարմիններ:
- Ընտրական հանձնաժողովի անդամը պետք է պետության կողմից գործուղվի համապատասխան ընտրատարածք պատահականության սկզբունքով՝ ընտրություններից 2 օր առաջ:
- Ընտրակաշառքը, դրա դրսևորումը ցանկացած <<փաթեթավորմամբ>>` նվեր, բարգործություն, տարատեսակ խնդրանքների բավարարում, պետք է քրեական օրենսգրքում ամրագրվի որպես պետական ծանր հանցագործություն:
Կուսակցությունների համար համամասնական ցուցակով շեմը 5-%-ից պետք է իջեցնել 3%-ի, իսկ կուսակցությունների դաշինքի շեմը՝ 7%-ից 5%-ի: