Արմինֆո. Վերջերս Ադրբեջանում ռուսաստանցի պատգամավորների, հասարակական գործիչների, հրապարակախոսների հակահայկական հայտարարությունները ողջունելի չեն կարող լինել և չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը կամ գործընթացին որևէ դրական պատգամ հաղորդելուն։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` «Հեռանկար» քաղաքական-հասարակական վերլուծական ծրագրին հարցազրույցում:
«Դրանք բացասական երևույթներ են և չեն կարող ողջունելի լինել։ Մենք ունենք մեր երկխոսությունը Ռուսաստանի իշխանությունների հետ, Դուք գիտեք, որ և՛ վարչապետը, և՛ ես, ունեցել ենք առիթներ շփվելու, աշխատելու մեր գործընկերների հետ։ Վարչապետը երկու անգամ հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ, ես առիթ եմ ունեցել շփվելու և աշխատելու իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ։ Այդ առումով մենք կառուցում ենք և ունենք բավական լավ հիմքեր միմյանց հասկանալու, միմյանց հետ այս հարաբերությունները կառուցելու։ Այդ առումով դինամիկան դրական է։ Այն, ինչ որ զուգահեռ կատարվում է, որևէ կերպ ողջունելի չի կարող լինել՚, - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։