Արմինֆո.Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կրկին կալանավորվել է: Այդ մասին «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է քաղաքապետի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ցավոք ոչինչ չի կարող փոխել այդ դատավորին, դե նոր իշխանություններին է երևի ուզում սիրաշահել, մարդ ես, կարողա 7-ի գործը մոռանան, վարչապետը մոռանա, թե ով է իրան դատել»,- գրել է փաստաբանը:
Համբարձումյանն իրեն մեղավոր չի ճանաչում. նա բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտարարելով, թե մեղսակից չէ իրեն վերագրվող հանցագործությանը, և իր համար անհասկանալի է իրավապահների վարքագիծը:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձինք բռնություն էին կիրառել բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ, ինչի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի ևս 3 բնակիչների, որոնք ձերբակալվել էին, սակայն ավելի ուշ ՀՀԿ 8 պատգամավորների երաշխավորությամբ ազատ էին արձակվել` չհեռանալու մասին ստորագրությամբ: Հետագայում Մասիսի քաղաքապետին մեղադրանք էր առաջադրվել այլ հանցագործության համար` Մասիսում ծեծկռտոցին մասնակցություն, և այս անգամ նա կալանավորվել է այդ գործով: