


Արմինֆո.Կրկին կիլոմետրավոր խցանումներ են սպասվում են նրանց, ովքեր որոշել են ցամաքային ճանապարհով Ռուսաստանից հասնել Հայաստան: Ինչպես հաղորդել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Չիբուխչյանը, հուլիսի 5-ի ժամը 15.30-ի դրությամբ «Վերին Լարսի» անցակետում սպասումները կազմում են մոտ 5 ժամ:
Փոխնախարարի խոսքերով, այս պահին սահմանի ռուսական կողմում հերթը հասնում է 5 կիլոմետրի, իսկ վրացական կողմում`2 կիլոմետր: Հերթը պայմանավորված է սեզոնային հանգամանքներով, քանի որ տարբեր պետությունների քաղաքացիները ձգտում են արձակուրդն անցկացնել Բաթումիում: Միևնույն ժամանակ, ըստ տարբեր գնահատականների, հերթում գտնվում է շուրջ 2000 մեքենա, որոնցից մի քանիսը գյուղատնտեսական արտադրանք են տեղափոխում: Նրանք դժգոհում են վատ պայմաններից, ինչպես նաև այն վարորդներից, որոնք փորձում են մաքսակետերով անցնել առանց հերթի:
Ավելի վաղ Հայաստանի տրանսպորտի նախարարությունը կուտակումները կապում էր էլեկտրոնային համակարգի ներդրման հետ` վրացական մաքսակետերում: Մինչդեռ, ըստ վրացական bizzone.info-ի, կուտակումներն առաջացել են ռուսական կողմի սահմանափակումների հետևանքով, քանի որ վրացական գործընկերներին ռուսական կողմը հայտնել էր, որ զբոսաշրջային սեզոնի ընթացքում իրենց համար առաջնայինը բեռների սպասարկումն է:



