


Արմինֆո.Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է անձնակազմին Սահմանադրության օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության, առաջադրված ուսումնամարտական խնդիրներն ամենայն պատասխանատվությամբ ու գերազանց կատարելու համար:
Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ սահմանադրական կայունության, խաղաղության պահպանման և պետականության ամրապնդման առաջին ու գլխավոր երաշխիքը հայոց բանակն է՝ մարտական պատրաստականության բարձր աստիճան ունեցող սպաներով ու զինվորներով:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու ժամանակակից մարտ վարելու սկզբունքները, ինչպես նաև այն, որ հակառակորդի սանձարձակ գործողությունները կանխելու միակ գրավականը բանիմաց ու պատրաստված զինուժն է, պաշտպանության նախարարը զորամասի անձնակազմին հորդորել է այսուհետ ևս նույն ոգով ու նորարարական գաղափարներով շարունակել ֆիզիկական ու մարտական պատրաստության ամրապնդմանը, տարաբնույթ վարժանքերի միջոցով մարտավարամասնագիտական հմտությունների կատարերագործմանը միտված միջոցառումները:
Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև զինծառայողներին հետաքրքրող հարցերին և վստահեցրել, որ նրանց սոցիալական և ծառայողական խնդիրները գտնվում են ինչպես պաշտպանական գերատեսչության, այնպես էլ երկրի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում:



