Արմինֆո. Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում շարունակում է ապօրինի սխեմաների բացահայտմանն ուղղված աշխատանքը, որոնք ակտիվորեն կիրառվել են խոշոր տնտեսվարող սուբյեկտների կողմից՝ հարկերից խուսափելու նպատակով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:
Վանեցյանի խոսքով, ԱԱԾ-ն ամենևին չի շտապել իր գնահատականներում՝ հայտարարելով, որ խոշոր առևտրի ցանցերը, «օգտվելով ՀՀ Պետեկամուտների կողմիտեի նախկին ղեկավարության ընձեռած հնարավորությունից, առանց իրավական հիմնավորումների, ապօրինաբար» թերավճարել են հարկերը պետբյուջե: Ժամանակին, ինչպես նշել է Վանեցյանը, ՊԵԿ փոխնախագահ Մաշադյանն ինքն է հայտարարել է ՊԵԿ ղեկավարության և խոշոր տնտեսվարողների միջև պայմանավորվածությունների առկայության մասին: Այնուհետև նա հրաժարվել է իր խոսքերից: Սակայն, ԱԱԾ-ն կշարունակի այդ գործի շրջանակներում աշխատանքները:
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա, որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ: Ի պատասխան՝ մայիսի 31-ին Ռաֆիկ Մաշադյանը, ով նախկինում զբաղեցնում էր ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը, հայտարարել էր, որ իրենց համար ԱԱԾ բացահայտած սխեման գաղտնիք չէր: Նրա խոսքով, չնայած այն բանին, որ ՊԵԿ-ը տիրապետել է տեղեկատվության, որ առևտրի մի կետում գործում են մեկից ավելի տնտեսվարող սուբյեկտներ՝ հարկային մարմնի ղեկավարությունը վարչարարություն չի իրականացրել՝ ապացուցելու, որ այդ առևտրի կետը պատկանում է նույն տնտեսվարող սուբյեկտին, քանի որ «օրենքով արգելված չի եղել, որ երկու տնտեսվարող սուբյեկտներ գործում են մեկ մեկ կետում»: Այն հարցին, թե արդյոք հանցակազմ չկար այն բանում, որ 20%-ի փոխարեն իրենք վճարել են ընդամենը 2%՝ ՊԵԿ ներկայացուցիչը պատասխանել է. «Ես իրավական գնահատականներ չեմ տալիս, նման գնահատականներ իրավապահ մարմինների աշխատակիցներն են տալիս»:
Այնուամենայնիվ, մայիսի 28-ին հանդիպում է տեղի ունեցել խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում, ՊԵԿ հաղորդագրության համաձայն, ցանցային ընկերությունները նախազգուշացվել են, որ նախկին կառավարության հետ ավելի վաղ պայմանավորվածություններն այլևս իրական չեն, և վերջիններս պետք է սեղմ ժամկետներում օրինական դաշտ վերադառնան:
Արդեն հունիսի 4-ին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, խորհրդարանում անդրադառնալով սուպերմարկետների կողմից կատարված խախտումներին, ասել էր, որ այդ գործի շրջանակներում կհարցաքննվի Պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը: «Քանի որ նա ներկա է եղել բանակցություններին, որոնց ընթացքում ՊԵԿ-ը սուպերմարկետների սեփականատերերին տվել է նման արտոնություն»,-հայտարարել էր Վանեցյանը:
Այն, որ այս սխեման քննարկվել և ներդրվել է նախկին իշխանությունների գիտությամբ, ավելի վաղ հաստատել էր նաև Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ դա արվել է իբր հանուն ֆերմերների:
Հատկանշական է, որ արդեն ԱԱԾ-ում հարցաքննությունից հետո Ռաֆիկ Մաշադյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ որևէ պայմանավորվածություն ՊԵԿ-ի և կազմակերպությունների միջև, ինչը վերջիններիս հարկերը թերավճարելու ոչ պաշտոնական իրավունք կտար, չի եղել: Պարզապես, ինչպես նշել է Մաշադյանը, ՊԵԿ-ը «չի իրականացրել վարչարարություն այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, որոնք մեկ հարթակում գործունեություն են իրականացրել երկու կամ ավելի կազմակերպությունների միջոցով»: