Արմինֆո. Մարտի 1-ի գործով հարցաքննության կկանչվեն բոլորը, ովքեր կարող են ինչ-որ տեղեկություն հաղորդել այդ իրադարձությունների մասին: Հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը:
Նրա ասելով, այսօր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննչական մարմին են հրավիրվում որպես վկա: Վկաների և մեղադրյալների շրջանակը, նրա ասելով, կարող է ընդլայնվել: «Քննությունը հարցաքննության կհրավիրի բոլոր նրանց, ովքեր կարող են ինչ-որ տեղեկություն հաղորդել մարտի 1-ի գործով: Ոչ մի կաշկանդվածություն չկա և չի լինի նրանց անձերի կամ սոցիալական կարգավիճակի առնչությամբ՚, - հայտարարել է նա:
Ինչ վերաբերում է այն միջոցներին, որ ՀՔԾ-ն պատրաստվում է ձեռնարկել բացակայող վկաների ներկայությունն ապահովելու համար, Խաչատրյանը նշել է, որ քննությունն ունի «գործողությունների իր մարտավարությունը՚, որը չի ցանկանում բացահայտել: «ՀՔԾ վարույթում գտնվող քրեական գործերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը կհրապարակվի այն ծավալով, որը քննությանը չի վնասի՚, - ընդգծել է ՀՔԾ ղեկավարը:
Միևնույն ժամանակ, Սասուն Խաչատրյանը հայտարարել է, որ իր ընտանիքի անվտանգության համար չի անհանգստանում: «Եթե ողջ թիմն ազնիվ է իր ձգտումներում` հանցավորությունն ու կոռուպցիան արմատախիլ անելու ճանապարհին, ապա թիմի մեկ անդամին շարքից հանելով նրանք ոչնչի չեն հասնի՚, - եզրափակել է ՀՔԾ ղեկավարը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը կատարող քննչական խմբի ղեկավարը հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցել Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ: Քրեական գործը միացվել է 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործին: