


Արմինֆո. «Ոչինչ չեմ տեսել, ոչինչ չեմ լսել՚, - լրագրողների հետ զրույցում հայտարարել է արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը` հուլիսի 4-ին անդրադառնալով «Օլիմպավանի՚ միջադեպին:
Ռոստոմյանի ասելով, ինքը ներկա չի եղել քաղաքացու ծեծին առնչվող միջադեպին: «Ես ներկա չեմ եղել, հետևաբար, չէի կարող ինչ-որ բան տեսնել՚, - հայտարարել է նա: Անդրադառնալով այն ակնարկին, որ տարածված տեսանյութում ինքը, այնուամենայնիվ, ներկա է եղել, նա նշել է. «Իմ ներկայությամբ ոչ մի նման բան չի եղել՚: Ռոստոմյանը նաև չի ցանկացել ասել, թե հարցաքննության ըթնացքում ինչ է հաղորդել նախաքննական մարմնին` վկայակոչելով քննության գաղտնիությունը:
Ոստիկանության տարածած հաղորդագրության և տեսանյութի համաձայն, hուլիսի 2-ին՝ ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել է պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք և այլ վնասվածքներ։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի և այլ ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ պարզեցին, որ տղամարդը վնասվածքները ստացել է, նախնական տվյալներով՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում։ Դահլիճում արնանման հետքեր են հայտնաբերվել ու վերցվել՝ փորձաքննության համար։ Ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։
Օրվա երկրորդ կեսին տուժածն «անհայտ՚ պատճառներով փոխել է իր նախնական ցուցմունքը, հայտարարելով, թե Ծառուկյանի հետ ջերմ ու բարեկամական հարաբերություններ է պահպանում, և իրեն ոչ ոք չի ծեծել, պարզապես, սայթաքել է, վայր ընկել ու վնասվածքներ է ստացել` ինչպես «Ադամանդե ձեռքը՚ ֆիլմում. սայթաքեցի, վայր ընկա, գիտակցությունս կորցրեցի, սթափվեցի` գիպս: Պարզապես, ի տարբերություն ֆիլմի, տուժածն ստացել է ոչ թե փակ, այլ բազմաթիվ բաց կոտրվածքներ:



