Արմինֆո. Այսօր մարտական գործողությունների վերսկսման համար ամենանպաստավոր պայմաններն են Ադրբեջանի համար: Այդ մասին հուլիսի 3-ին «Դիրքային լուռ մարտեր և շիկացում հայ-ադրբեջանական սահմանին, սողացող պատերազմ, թե՞ վերադիրքավորում» քննարկումների ժամանակ հայտարարել է վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:
«Վերջին 30 տարում երբեք Ադրբեջանի համար մարտական գործողությունների վերսկսման առավել նպաստավոր պայմաններ չեն եղել, քան այսօր»,- ասել է Շահնազարյանը:
Ըստ որում, փորձագետը համոզմունք է հայտնել, որ Նախիջևանի գործոնն այսօր այնքան բարձր է, որ պետք է մի կողմ թողնել քաղաքական հարցերը և զբաղվել նախիջևանյան ուղղությամբ Հայաստանի անվտանգության ամրապնդմամբ: Միաժամանակ նա ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերը չպետք է թույլ տային Նախիջևանի ուղղությամբ հակառակորդի դիրքային տեղափոխությունները:
Այդ հավաստմանը չի համաձայնել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ով ընդգծել է, որ ռազմական տեսակետից դա այդպես չէ: Նրա խոսքով, Հայաստանն այսօր կարողացել է կրճատել սպառազինության խախտված հավասարակշռությանը, որը հստակ արտահայտվել է 2015-16 թթ.: «2015-16 թվականին սպառազինության հավասարակշռությունն Ադրբեջանի կողմում էր, բայց վերջին տարիներին մենք կարողացանք շտկել իրավիճակը և ապահովել մեր անվտանգությունը»,- նշել է նա: