Արմինֆո. Ղարաբաղյան հաիկամարտության կարգավորման վերաբերյալ «Միջազգային Եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինի հայտարարությունը սուտ և զառանցանք է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Փոխխոսնակը նշել է, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը երբեք իր համաձայնությունը չի տվել Ադրբեջանին հինգ տարածքների վերադարձի հետ կապված։ «Դա ակնհայտ սուտ է։ Ավելին, որոշ քաղաքագիտական շրջանակների
հայտարարությունները, թե ՀՀ նախկին նախագահը ժամանակ է խնդրել, որ այդ խնդիրը լուծի վարչապետ ընտրվելուց հետո, բացահայտ պրովոկացիա է, սուտ և զառանցանք»,- ընդգծել է Շարմազանովը: Նրա խոսքով, Սարգսյանի և ՀՀԿ
գործունեության ամենակարևոր հիմքերից մեկն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումն է։
Նշենք, որ «Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն է» համաժողովի շրջանակում Բաքու էին այցելել «Միջազգային Եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելյևը, լրագրող Մաքսիմ Շևչենկոն, ռազմական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն, պատգամավոր Ալեքսեյ Եզուբովը։
Հիշեցնենք, որ Դուգինը համաժողովի ընթացքում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի և միջազգային իրավունքի տեսակետից հանդիսանում է Ադրբեջանի տարածք: