


Արմինֆո. «Այսօր պաշտոնապես դիմել եմ Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռոթգենին գերմանական Rheinmetall ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին ստորագրված մտադրությունների հուշագրի առնչությամբ»: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյան:
«Նմանատիպ գրություն ուղարկել եմ նաև Գերմանիա֊Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին»,- նշել է Աշոտյանը:
Նշենք, որ Գերմանիա աշխատանքային այցի շրջանակներում այդ հարցը բարձրացրել էր նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ին, գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնը մտադիր է համագործակցել Ադրբեջանի հետ. «Մտադրությունների մասին հռչակագրում հստակ ամրագրված է, որ գերմանական պաշտպանական կոնցեռնն Ադրբեջանի հետ համագործակցությունում չի խախտի զենքի մատակարարման նկատմամբ ԵԱՀԿ էմբարգոն: Գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնը մտադիր է գործարքներ կնքել Ադրբեջանի հետ: Հունիսի կեսին գերմանական կոնցեռնի ներկայացուցիչ Ջոն Թեյլորը և Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության այն ժամանակվա նախարար Յավեր Ջամալովը (Ջամալովը մի քանի օր առաջ մահացել է – խմբ.) ստորագրել են «ապագա երկկողմ համագործակցկության շուրջ՚ հռչակագիր` Փարիզի մոտ Eurosatory պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի շրջանակում՚:
Հավելենք, որ Rheinmetall AG խոշորագույն ռազմական տեխնիկա և սպառազինություն արտադրողներից մեկն է Գերմանիայում ու Եվրոպայում: Կենտրոնակայանը գտնվում է Դյուսելդորֆում:



