Արմինֆո. Հայաստանը շարունակում է ժամանակակից սպառազինության ձեռքբերման գործընթացը: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ և ինչ քանակությամբ է Երևանը նախատեսում է ռուսական Су-30 СМ ժամանակակից սպառազինություն ձեռք բերել:
Դավթյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է աշխատել իր ռազմավարական գործընկերների հետ տարատեսակ սպառազինության ձեռքբերման շուրջ: «Սպառազինության գնումների գործընթացը շարունակվում է. ինչ-որ մաս արդեն ձեռք է բերվել, ինչ-որ մաս դեռ ընթացքում է: Դա շարունակական գործընթաց է»,- ասել է Դավթյանը:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Մոսկվան ցանկանում է Երևանին Су-30СМ բազմաֆունկցիոնալ կործանիչներ մատակարարել 2024 թվականից շուտ: «Հայաստանում իշխանափոխությունից առաջ երկրի պաշտպանության նախարարությունը հետաձգել է ռուսական Су-30СМ բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման հարցը մինչև 2024 թ.։ Գործարքը, որով նախատեսվում է հայաստանյան ռազմաօդային ուժերին մատակարարել առնվազն մեկ էսկադրիլյա, կնքվել էր 2012 թվականին, սակայն ուժի մեջ չէր մտել՝ պատվիրատուի ֆինանսական խնդիրների պատճառով։ Ռուսաստանն ակնկալում է համաձայնագիրը կյանքի կոչել Հայաստանի արդեն նոր ղեկավարության հետ: Су-30СМ կործանիչներ ձեռքբերելու Հայաստանի ցանկության մասին խոսակցությունները վերսկսվել են այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է ինքնաթիռի խցիկում նստած լուսանկարը»,- գրել էին ԶԼՄ-ները: