Արմինֆո. Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Գերմանիա աշխատանքային այցի շրջանակում բարձրացրել է գերմանական Rheinmetall կոնցեռնի Ադրբեջանի հետ համագործակցելու մտադրության հարցը: Հուլիսի 2-ին ճեպազրուցյում այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: «Այն պարզաբանումները, որոնք տվել է գերմանական կողմը, մեզ լիովին բավարարում են՚, - նշել է նա: Միևնույն ժամանակ, անդրադառնալով Բաքվում զորահանդեսի ժամանակ ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռների ցուցադրմանը, Բալայանը կոչ է արել չհավատալ այն ամենին, ինչ գրում են ԶԼՄ-ները: Նրա ասելով, հայկական կողմը շատ ավելի վաղ էր սկսել այդ հարցի պարզաբանումը և պարզել, որ նման ուղղաթիռներ արտադրվում են մի քանի երկրներում` ամերիկյան լիցենզիայով, և դրանք նախատեսված չեն մարտական կիրառության համար:
Ինչպես ԱրմԻնֆոն ավելի վաղ հաղորդել էր, Գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնը մտադիր է համագործակցել Ադրբեջանի հետ: "Մտադրությունների մասին հռչակագրում հստակ ամրագրված է, որ գերմանական պաշտպանական կոնցեռնն Ադրբեջանի հետ համագործակցությունում չի խախտի զենքի մատակարարման նկատմամբ ԵԱՀԿ էմբարգոն: Գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնը մտադիր է գործարքներ կնքել Ադրբեջանի հետ: Հունիսի կեսին գերմանական կոնցեռնի ներկայացուցիչ Ջոն Թեյլորը և Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության այն ժամանակվա նախարար Յավեր Ջամալովը (Ջամալովը մի քանի օր առաջ մահացել է – խմբ.) ստորագրել են «ապագա երկկողմ համագործակցկության շուրջ՚ հռչակագիր` Փարիզի մոտ Eurosatory պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի շրջանակում՚: Կոնցեռնն, իր հերթին, հաղորդել է, որ մտադրությունների մասին հռչակագրում կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները: Գերմանական կոնցեռնի տվյալներով, փաստաթղթում ընդգծվում է, որ Rheinmetall-ը կտրամադրի ծառայություններ, որոնց վրա ԵԱՀԿ էմբարգոն չի տարածվում: Հավելենք, որ Rheinmetall AG խոշորագույն ռազմական տեխնիկա և սպառազինություն արտադրողներից մեկն է Գերմանիայում ու Եվրոպայում: Կենտրոնակայանը գտնվում է Դյուսելդորֆում: