Արմինֆո.Պաշտոնական Երևանը թերահավատորեն է տրամադրված տեսանելի ապագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դրական միտումների առնչությամբ:
Այսպես, ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը հուլիսի 2-ին ճեպազրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարելի է առաջընթաց ակնկալել Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում, նշել է, որ Անկարայից հնչող հռետորաբանությունը լավատեսություն չի ներշնչում այդ հարցի առնչությամբ: Նրա ասելով, ելնելով վերն ասվածից, տեսանելի ապագայում առաջընթաց ակնկալելու հարկ չկա:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը Ռեջեփ Թայիփ Էրդողանին կշնորհավորի ընտրություններում հաղթանակի առթիվ, Բալայանը նշել է, որ մինչև 2014 թիվը Երևանն ու Անկարան պաշտոնապես շնորհավորանքներ էին փոխանակում պետական տոների և կարևոր տարեթվերի կապակցությամբ, սակայն Էրդողանի իշխանության գալուց հետո այդ պրակտիկան էլ դադարեցվեց:
Թուրքիան 1993 թվականին «հայկական զորքերի կողմից ադրբեջանական շրջանների օկուպացման՚ առնչությամբ դադարեցրել է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները և փակել սահմանը: Թուրքիայի կառավարությունը խոստանում է սահմանը բացել, եթե Հայաստանը չհավակնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և զորքը դուրս բերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց: 2009 թվականին Հայաստանի երրորդ նախագահը նախաձեփնել էր Թուրքիայի հետ առանց նախապայմանի հարաբերությունների կարգավորման գործընթաց, և 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագտրություններ, որոնք հետագայում այդպես էլ չվավերացվեցին երկու երկրների խորհրդարաններում, քանի որ Անկարան մշտապես նախապայմաններ էր առաջ քաշում: Այդ առնչությամբ նախկին նախագահ Ս. Սարագսյանի կարգադրությամբ արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցվեց, իսկ 2015 թվականի փետրվարին արձանագրությունները հետ կանչվեցին խորհրդարանից: 2018 թվականի մարտի 1-ին Սարգսյանը հայտարարեց դրանց չեղարկման մասին` պատճառաբանելով դրանց իրագործման համար որևէ դրական տեղաշարժի բացակայությամբ: