Արմինֆո. Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղյան հակամարտության գոտում լարված է: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` լրագրողների հետ զրույցում:
Նա ընդգծել է, որ Ադբեջանը զորք է կուտակել Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում, անցկացնում է լայնամասշտաբ զորավարժություններ, հետևաբար, Հայաստանի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձության զարգացման ցանկացած սցենարի: «Եվ իմ հրամանը զինված ուժերին հենց դա է եղել», - հայտարարել է վարչապետը:
Հավելենք, որ նախօրեին Ադրբեջանը կրակ է բացել Զանգակատուն գյուղի խաղաղ բնակիչների ուղղությամբ, բացի այդ, Բաքուն նախիջևանյան ուղղությամբ ակտիվ ինժեներական աշխատանքներ է իրականացնում դիրքերի ամրապնդման նպատակով, որոնք վերջին ամսվա ընթացքում առաջ են տարվել: Սակայն, Հայաստանի զինված ուժերի պատասխան կրակը կասեցրել է հակառակորդի ինժեներական աշխատանքները: Վերջին երկու ամսում Ադրբեջանը նաև կենդանի ուժ և տեխնիկա է կուտակել Արցախի հետ շփման գծում: Այս օրերին Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են ընթանում: