Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձգումը հանգեցնում է դրա ավելի լայն մասշտաբով վերսկսման: Այդ մասին ԶՈւ ղեկավար կազմի հետ հերթական խորհրդակցության ընթացքում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
«Հակամարտության կարգավորման ձգձգումը հանգեցնում է դրա ավելի լայն մասշտաբով վերսկսման: Հակամարտությունը պետք է շուտափույթ արդարացի լուծում գտնի՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների շրջանակներում: Հակառակ դեպքում հակառակորդը կզգա ադրբեջանցի ժողովրդի կամքը և հայրենասիրությունը, ինչպես նաև մեր բանակի զենքի ուժը»,- հավաստիացրել է նա:
Անդրադառնալով հուլիսի 2-6-ը կայանալիք լայնամաշտաբ զորավարժություններին՝ Հասանովը նշել է, որ զորավարժություններում հիմնական ուշադրությունը հատկացվելու է մարտական խնդիրների կատարմանը՝ «օկուպացված տարածքների ազատագրման տարբեր սցենարների համաձայն, այդ թվում՝ հակառակորդի ողջ ռազմական ենթակառուցվածքի ոչնչացման համար նախատեսված ամենաժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի գործնական կիրառմանը»:
ՀՀ ՊՆ-ում ադրբեջանական կողմի այդ սպառնալիքի առնչությամբ մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել:
Մինչդեռ, ավելի վաղ պաշտոնական Երևանը քննադատել էր լայնածավալ զորավարժություն անցկացնելու Ադրբեջանի մտադրությունը: Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, ԱրմԻնֆո-ին մեկնաբանելով առաջիկա զորավարժությունը, ասել էր. «Ադրբեջանը հայտարարել է հուլիսին լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին: Համաձայն ԵԱՀԿ Վիեննայի Փաստաթղթի 5-րդ բաժնի Ադրբեջանը պարտավոր էր նախօրոք ծանուցել այդ զորավարժությունները առնվազն 42 օր առաջ, ինչը չի կատարվել: Ադրբեջանի կողմից լայնածավալ զորավարժությունների անցկացումը, ի խախտումն ԵԱՀԿ հանձնառությունների կրում է շարունակական բնույթ, բացասաբար ազդելով տարածաշրջանում ռազմական թափանցիկության և կանխատեսելիության վրա : Հայկական կողմը հետևողական բարձրացնում է ԵԱՀԿ հարթակում Ադրբեջանի կողմից սպառազինությունների վերահսկման ռեժիմի և ԵԱՀԿ վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների խախտման խնդիրը ` ընդգծելով, որ նման անպատասխանատու քայլերը սպառնում են ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգությանը և խաղաղությանը՚:
Ադրբեջանը նախատեսում է զորավարժություններում ներգրավել շուրջ 20 հազար զինծառայող, շուրջ 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի ավելի քան 200 հրթիռահրետանային սարքավորում, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, տարբեր նշանակության շուրջ 30 ավիացիոն միջոց: