Արմինֆո.Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին մեծապես կարևորում է այն փաստը, որ Հայաստանի նոր կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը հռչակել է իր առաջնահերթություններից մեկը: «Եվ այս մեսիջը, որ Հայաստանի իշխանությունները ամենայն լրջությամբ են մոտենում կոռուպցիայի դեմ պայքարին, հստակորեն հնչեց նաև Բրյուսելում՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստի ընթացքում, ինչպես նաև Հայաստանի արտգործնախարարի՝ Բրյուսելում ունեցած այլ հանդիպումների ընթացքում: Եվ մենք տեսնում ենք առարկայական ապացույցներ, որ նոր կառավարությունը վճռական է տրամադրված կոռուպցիան արմատախիլ անելու հարցում՝ դրա բոլոր դրսևորումներով, և որ պակաս կարևոր չէ՝ նոր կառավարությունը ցանկանում է դա իրականացնել օրենքի տառին համապատասխան՝ գործող օրենսդրության շրջանակներում և լիակատար թափանցիկության պայմաններում՚, - նշել է Սվիտալսկին «Ազատություն՚ ռադիոկայանի հետ հարցազրույցում:
Նա նաև կարծիք է հայտնել, որ Եվրոպական միության համար դա ոգևորիչ է, և ԵՄ պատրաստ է, եթե դրա կարիքը կա, առաջարկել հնարավոր առավելագույնը՝ իրենց փորձի, գիտելիքների և տեխնիկական փորձագիտական կարողությունների առումով: «Սա մի բան է, որ հստակորեն հայտարարվել է Բրյուսելում՝ այդ հանդիպումներում:
Պատահական չէ, որ այսօր Հայաստանում բոլորը խոսում են կոռուպցիայի մասին: Մենք տեսնում ենք կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության հանրային դրսևորումներ: Սա շատ կարևոր զարգացում է, և դա նաև լուրջ փաստարկ է, որպեսզի ես այսուհետև դադարեմ բարձրաձայնել այս խնդիրը և իմ ջանքերը կենտրոնացնեմ այլ կարևոր ուղղություններով: Այնպես որ, այս պահից սկսած խոստանում եմ ավելի քիչ խոսել կոռուպցիայի մասին. ես այդ մասին խոսում էի դեռ այն ժամանակ, երբ այդ մասին քչերն էին խոսում և երբ որոշ շրջանակներում դա դժկամությամբ էին ընդունում: Եվ ես անչափ ուրախ եմ, որ այսօր հայաստանցիները քաջություն ունեն այդ մասին խոսելու և ցույց տալու, որ իրենք դեմ եմ կոռուպցիայի ցանկացած դրսևորման՚, - նշել է դեսպանը
Պատասխանելով հակակոռուպցիոն պայքարում Հայաստանին աջակցելու Եվրամիության ծրագրի իրագործման հնարավորության վերաբերյալ հարցին` Սվիտալսկին հիշեցրել է, որ բարձր հանձնակատար տիկին Մոգերինին է հայտարարել Բրյուսելում, որ ԵՄ պատրաստ է շարունակել և ավելի խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ այդ հարցերի շուրջ: «Գաղտնիք չէ, որ Արդարադատության և ազատության ենթահանձնաժողովի վերջին հանդիպման ժամանակ հայկական կողմը մեզանից տեխնիկական աջակցություն խնդրեց ապօրինի ճանապարհով կուտակված միջոցների վերականգնման հարցում: Ինչպես գիտեք, Եվրոպան բավականին հարուստ փորձ ունի այս հարցում, և մենք պատրաստ ենք Հայաստանի հետ կիսվել այս փորձով և ուժեղացնել համագործակցությունը ապօրինի ճանապարհով կուտակված միջոցների բռնագրավման և վերադարձման հարցում՚, - հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը։
Ինչ վերաբերում է երկարաժամկետ հեռանկարներին՝ նա կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը բարելավում է երկրի իմիջը: «Դա առնվազն մի բան է, որը օգնում է առաջ մղել Հայաստանի շահերը ոչ միայն Միացյալ Նահանգներում՝ ինչպես Դուք հիշատակեցիք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, այլ նաև Բրյուսելում, որովհետև կոռուպցիայի ցածր մակարդակը խրախուսում է Եվրոպական միությանը ավելի մեծ աջակցություն ցուցաբերել տարբեր ոլորտներում: Ավելին՝ դա խրախուսում է գործարարներին, հասարակ ներդրողներին, որպեսզի գան և աշխատեն այնպիսի միջավայրում, որտեղ նրանք հստակ երաշխիքներ կունենան, որ իրենց գումարները ստիպված չեն լինի ոչ նպատակային օգտագործել: Եվ ես կարծում եմ, որ եթե ամեն ինչ հաջողվի, Հայաստանում մեկնարկած այս հակակոռուպցիոն պայքարը կարող է նոր նշաձող սահմանել ողջ տարածաշրջանի համար: Ես համաձայն եմ որոշ քաղաքական գործիչների հետ, ովքեր հայտարարում են, որ Հայաստանը մեծ հնարավորություն ունի դառնալ տարածաշրջանային առաջատարը դրական առումով: Եվ դա կհրապուրի միջազգային համայնքին և միջազգային ներդրողներին, որպեսզի ավելի շոշափելի ներկայություն ունենան Հայաստանում՚, - եզրափակել է ԵՄ դսպանը: