Արմինֆո. Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ ամբիոնից մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ:
Նա, մասնավորապես, ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է զորք և տեխնիկա կենտրոնացնել առաջնագծում` խաղաղ Արցախի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու նպատակով: «Բաքուն միլիարդներ է ծախսում իր բանակի արդիականացման համար` նախապատրաստվելով պատերազմի: Արցախի ԶՈՒ վերջին ժամանակներն արդեն կասեցրել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման մի քանի փորձ՚, - հայտարարել է Մարուքյանը, դիմելով միջազգային հանրությանը և պահանջելով կասեցնել Բաքվի ռազմատենչ արկածախնդրությունը, քանզի, հակառակ դեպքում, դա կարող է դառնալ ողբերգություն ողջ տարածաշրջանի համար:
Որպես օրինակ` նա նշել է 2016 թվականի ապրիլյան պատերազմը, որը հարյուրավոր կյանքեր խլեց երկու կողմից: «Սակայն Ադրբեջանի այդ ռազմական արկածախնդրությունն այդպես էլ չարժանացավ միջազգային հանրության պատշաճ գնահատականի` ստեղծելով անպատժելիության մթնոլորտ: Մենք այստեղ ենք, որպեսզի կանխենք նոր և ավելի մասշտաբային ոճրագործությունը՚, - հայտարարել է պատգամավորը: