Արմինֆո. ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության և «Իրան-Հայաստան առևտրի պալատի» համատեղ նախաձեռնությամբ Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում տեղի է ունեցել հանդիպում՝ նվիրված հայ-իրանական տնտեսական հարաբերությունների, փոխգործակցության զարգացման հեռանկարների, Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությունների քննարկմանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկա էին Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի և իրանական գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ:
Զեկույցով հանդես է եկել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ով ներկայացրել է Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո ստեղծված իրավիճակը, ներդրումային նպաստավոր պայմանները, տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները, գործարար միջավայրը, հայ-իրանական տնտեսական համագործակցության բարելավման նոր հնարավորությունները: Դեսպան Թումանյանը հանգամանորեն անդրադարձել է ՀՀ կառավարության հակակոռուպցիոն գործողություններին՝ ընդգծելով դրանց անմիջական դրական ազդեցությունը ներդրումային գործունեության վրա: Զեկույցից հետո դեսպանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին: