


Արմինֆո.ՀՀ կառավարության հունիսի 28-ի նիստում ընդունված որոշմամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր են սահմանել Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեները:
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Քանի որ այս հարցը որոշակի հանրային հետաքրքրություն է ներկայացնում, ուզում եմ երկու բառ ասել այս կապակցությամբ: Տվյալ որոշումն ընդունում ենք զուտ օրենքի տեխնիկական պահանջը կատարելու համար, բայց ցանկանում եմ արձանագրել, որ իսկապես տարօրինակ իրավիճակ ունենք, երբ կառավարությունը պարզ է, որ մի շենքում կարող է տեղակայված չլինել, բայց որ վարչապետը երկու շենքում տեղակայված լինի, դա իսկապես մի փոքր տարօրինակ իրավիճակ է: Ուզում եմ հստակ արձանագրել, որ մենք ամենևին չենք մոռացել, թե ինչն ենք քննադատել, որովհետև հիմա այդ կապակցությամբ որոշակի կարծիքներ են հնչում, որ մենք կառավարությունում հայտնվելով մոռանում ենք, թե ինչն ենք քննադատել: Դա ամենևին այդպես չէ: Իհարկե, կարծում եմ, որ այն, ինչ քննադատել ենք, ժամանակի ընթացքում իրականություն կդարձնենք և կարծում եմ, որ հարցերին ոչ թե անձնավորված մոտեցումներ պետք է ցուցաբերել, այլ ինստիտուցիոնալ: Կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից, և այդ նստավայրը ժամանակի ընթացքում մենք կվերադարձնենք նախագահի աշխատակազմին, ինչպես նախկինում եղել է: Այս պահին մենք մի քանի արարողակարգային խնդիրներ ունենք լուծելու: Գիտեք, որ վարչապետի և նախագահի կարգավիճակի փոփոխությունների առումով որոշակի արարողակարգային պարտականություններ կան և հիմա նոր Սահմանադրությամբ վարչապետն է պետության ղեկավարն: Արարողակարգային որոշակի պարտականություններ կան, որոնք կապված են շենքային պայմանների հետ և մենք պետք է ուսումնասիրենք, թե ինչպես ենք այդ խնդիրը լուծելու, նաև աշխատակազմի և որոշ մարմինների տեղակայման հետ կապված խնդիրները պետք է լուծենք և, իհարկե, այս հարցը հնարավորինս կարճ ժամանակում կլուծենք»:


