


Արմինֆո. Պաշտոնական Բաքուն ներկայացրել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստում Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամեդկուլիևի ելույթի մանրամասները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն, Ադրբեջանի և Ուկրաինայի պատվիրակությունները փորձել են քաղաքականացնել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության /ՍԾՏՀԿ/ տնտեսական հարթակը Երևանում կառույցի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ: Կառույցի երկու անդամների այդ գործողություններն արժանացել են ինչպես ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի, այնպես էլ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանի քննադատությանը, ովքեր ընդգծել են նման քայլերի անթույլատրելիությունը և փաստել, որ դա լուրջ վնաս է հասցնում կառույցի հեղինակությանը՝ որպես արդյունավետ տարածաշրջանային տնտեսական հարթակ:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, ներկայացնելով Մամեդկուլիևի ելույթի մանրամասները, ասել է, որ վերջինս Երևանում նիստի ժամանակ իր ելույթում նշել է, որ ռազմական հակամարտությունը և «շարունակվող օկուպացիան» թույլ չեն տալիս լիովին օգտագործել տարածաշրջանի առևտրատնտեսական ներուժը: «Մամեդկուլիև հայտարարել է, որ հրաժարվելով իր զորքերը դուրս բերել Ադրբեջանի օկուպացված տարածքներից՝ Հայաստանն իրեն զրկում է տարածաշրջանային համագործակցությունից՝ առևտրի, ներդրումների, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում»,- ադրբեջանցի պատգամավորի խոսքերը մեջ է բերել Հաջիևը: Նշենք, որ հունիսի 27-ին Երևանում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը, որից հետո Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել կազմակերպությունում նախագահությունը:



