Արմինֆո. ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն համոզված է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման աջակցմանն ուղղված աշխատանքն առաջվա պես պահանջված է:
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այդ մասին Գրուշկոն հայտարարել է Վիեննայում անվտանգության բնագավառում խնդիրների ամփոփման ԵԱՀԿ ամենամյա խորհրդաժողովի ժամանակ:
Գրուշկոն համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ է լիարժեք օգտագործել ԵԱՀԿ «Համագործակցության վրա հիմնված անվտանգության պլատֆորմը»՝ ԵԱՀԿ տարածքում գործող բոլոր կազմակերպությունների միջև երկխոսության հաստատման նպատակով: «Կարևոր է հասնել ինտեգրացիոն գործընթացների զուգակցման՝ հանուն մեր ընդհանուր շահերի, և ԵԱՀԿ-ն կարող է կարևոր դեր խաղալ դրանում: ԵԱՀԿ գոտում անվտագության վիճակի վրա արտատարածաշրջանային գործոնների ազդեցությունը միմիայն կմեծանա: Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել վստահության վերականգնման և հավասար ու անբաժան անվտանգության տարածքի ձևավորման կարևորությունը, ինչի մասին մեր առաջնորդները պայմանավորվել էին 2010 թ. Աստանայի գագաթնաժողովի ժամանակ: Դա իր հերթին կօգնի նաև հակամարտությունների կարգավորմանը և ընդհանուր սպառնալիքների դեմ պայքարին»,- ասել է Գրուշկոն: