Արմինֆո. Հայկական ԶՈՒ համակողմանի վերահսկում է ադրբեջանական այն դիրքերը, որոնք վերջին շրջանում մոտեցվել են հայ-ադրբեջանական սահմանին` Նախիջևանի ուղղությամբ, և անհրաժեշտության դեպքում դրանք պահվում են նշանառության տակ: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ՀՀ ԶՈւ մայոր Անդրանիկ Ծատուրյանը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը, առաջ տանելով իր դիրքերը, իր համար բարենպաստ պայմաններ չի ստեղծել: «ԱՀ ԶՈՒ դիրքերն ի սկզբանե բլրի լանջին էին, այժմ դրանք բարձրացվել են գագաթին, ինչն ավելի խոցելի է դարձնում դրանք և ոչ մի օգուտ չի բերում: Ընդ որում, ադրբեջանական դիրքերի տեղաշարժը սպառնալիք չի ներկայացնում Հայաստանի սահմանամերձ բնակչության համար՚, - հավաստիացրել է Ծատուրյանը:
Հավելենք, որ օրերս հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան տեղամաս էր մեկնել հայ լրագրողների խումբ` տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով: Ուղևորությունը կազմակերպել էր Հայաստանի պաշտպանության նախարարությունը` հասարակայնությանը ևս մեկ անգամ համոզելու համար, որ ադրբեջանական քարոզչամեքենան նենգափոխում է իրականությունը:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, թե ԱՀ ԶՈՒ նախիջևանյան ուղղությամբ 11 հազար հա է «նվաճել՚ չեզոք տարածքում: Մինչդեռ, ինչպես պնդում են ռազմական փորձագետները, հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ գոյություն չունի չեզոք տարածք` որպես այդպիսին: