Արմինֆո. ԱՄՆ-ում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը վերստին ընդգծել է Հայաստանի հավատարմությունն ԱՄՆ հետ գործընկերային հարաբերությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) մամուլի ծառայությունից, Արմեն Սարգսյանն այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Կապիտոլյան բլրին Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էին ՀՅԴ-ն, Հայ դատի հանձնախումբը և ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը:
«21-րդ դարը, դառնալու է մեր դարը», - ասել է Ա.Սարգսյանը` ընդգծելով Հայաստանի Առաջին Հանրապետության դերը Հայաստանի ձեռքբերումների համար պատշաճ հիմքի նախապատրաստման առումով: «Անցնում են Ժամանակները, երբ աշխարհը կառավարում էին այնպիսի շահեր, ինչպես` էներգետիկան, նավթը, բնական ռեսուրսները: Սկսվում է նոր դարաշրջան, երբ աշխարհը կկառավարեն մարդկային արժեքները, միտքը, աշխատանքը, ազնվությունը եւ տաղանդը: Եվ այս երկիրը (ԱՄՆ) դրա հրաշալի օրինակ է: Մենք միակ կամուրջն ենք Եվրոպայի ու Եվրասիայի միջեւ՚, - նշել է Հայաստանի նախագահը: Ընդ որում, Արմեն Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանն աշխարհին ցույց կտա ոչ միայն հեղափոխություն հայկական ոճով, այլև նոր երկիր կառուցելու կարողությունը, որը կլինի ավելի հզոր և հպարտություն հարուցող:
Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով օգնականի տեղակալի պաշտոնակատար Յորգան Էնդրյուսը, ով ներկա է եղել միջոցառմանը, բարձր է գնահատել Հայաստանի խաղաղ ժողովրդական շարժումը, որը երկիրը մտցրել է նոր ժողովրդավարական դարաշրջան, և խոստացել է աշխատել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` կոռուպցիայի դեմ պայքարում և հաշվետու կառավարության հաստատման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ ավելի մեծ հարգանքի, քաղաքական և տնտեսական ազատությունների ապահովման գործում հայ ժողովրդին աջակցելու համար: