Արմինֆո. Եվրախորհուրդը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել մեր երկրում իրականացվող կարևորագույն բարեփոխումներին: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան` նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում վարչապետը կարևորել է Հայաստան-ԵԽ արդյունավետ համագործակցությունը և կառույցի աջակցությունը մեր երկրում ընթացող բարեփոխումներին` ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով: Վարչապետը նշել է, որ Հայաստանը լինելու է ԵԽ ակտիվ անդամներից՝ բոլոր մակարդակներում մասնակցելով կազմակերպության աշխատանքներին:
Նատալյա Վուտովան ընդգծել է, որ ԵԽ-ն պատրաստ է օժանդակություն ցուցաբերել մեր երկրում իրականացվող կարևորագույն բարեփոխումներին, ինչպես վարչապետի նշած ոլորտներում, այնպես էլ Հայաստանի կառավարման, դատաիրավական համակարգերի ուղղությամբ: ԵԽ գրասենյակի ղեկավարը ողջունել է կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարին միտված քայլերը և համոզմունք հայտնել, որ դրանք կլինեն արդյունավետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքում բարեփոխումների իրականացմանն ու այդ համատեքստում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին: