Արմինֆո. Ամառային բիզնես դպրոց 2017-ի սաներն ուսումնական այց են կատարել Հայաստանում Beeline-ի կենտրոնական գրասենյակ և ծանոթացել ընկերության աշխատանքին։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, շուրջ 40 երիտասարդ, ովքեր իրենց ապագան կապում են բիզնեսի կամ ՏՏ ոլորտի հետ, այցելեցին ընկերության բաժանորդների սպասարկման կենտրոնը, հետևեցին օպերատորների աշխատանքին, եղան մարքեթինգի և PR-ի ծառայություններում, ինչպես նաև զրուցեցին ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ։ Երիտասարդները տեսան, թե ինչպես են ընկերությունում ստեղծվում պրոդուկտներն ու առաջարկները, ինչպես են ապահովվում հասարակայնության հետ կապերը և ծանոթացան ընկերության աշխատակիցների առօրյայի ու աշխատանքային պայմանների հետ։
«Մենք միշտ ուրախ ենք տեսնել պայծառ երիտասարդ դեմքեր մեր գրասենյակում և շատ ենք գնահատում նրանց հետաքրքրությունը մեր ընկերության նկատմամբ։ Մենք երիտասարդներին փոխանցելու ահռելի փորձ ունենք և միշտ երջանիկ ենք դա անել այն հուսով, որ այդ գիտելիքները մի օր կծառայեն իրենց ապագա կարիերայի կառուցմանը և նրանց կյանքը կդարձնեն ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ Ամառային Բիզնես դպրոցը ստեղծվել է 2017 թ․ ամռանն ակտիվ երիտասարդության համար։ Դպրոցի նպատակն է նրանց մոտ բիզնեսի հետ կապված հմտությունների ձևավորումը։ Դասընթացների շրջանակում մասնակիցներն այցելում են երկրի խոշոր ընկերություններ՝ գործնական կապեր ստեղծելու նպատակով։
Ավելացնենք նաև, որ Ամառային Բիզնես Դպրոցն արդեն անցկացնում է 2018 թ․ խմբի մասնակիցների հավաքագրումը։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: