Արմինֆո.Ղարաբաղյան հարցում Ադրբեջանը վաղուց որդեգրել է որոշակի ռազմավարություն՝ դուրս չգալ բանակցային գործընթացից, միաժամանակ բարձրագոչ հայտարարությունների և շփման գծում լարվածության սրման միջոցով մշտական ճնշում գործադրել հայկական երկու պետությունների վրա: Այդ մասին հունիսի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա նշել է, որ այդ քաղաքականությունը կշարունակվի: Ավելին, քաղաքագետի խոսքով, տվյալ պահին ղարաբաղյան հակամարտությունում գործնականում հնարավոր չեն համակարգային փոփոխություններ այս կամ այն առումով: Իսկանդարյանը նշել է, որ Ադրբեջանն ուշադրությամբ հետևում է քաղաքական իրադարձություններին, որոնք տեղի են ունենում և տեղի են ունեցել հայկական երկու պետություններում՝ փորձելով հասկանալ, թե արդյոք այդ իրավիճակը կարող է ձեռնտու լինել իրեն: «Անշուշտ,ի սկզբանե Բաքվում սպասում էին, որ կոլապս կլինի անվտանգության համակարգում, ինչով էլ պայմանավորվում է տեխնիկայի կուտակումը շփման գծի մոտ, բայց քանի որ դա տեղի չունեցավ, Ադրբեջանը ռազմական գործողությունների չդիմեց»,- նշել է փորձագետը:
Քաղաքագետը նշել է, որ տվյալ պահին Բաքուն բավական ագրեսիվ քաղաքականություն է վարում, ինչի մասին են վկայում պաշտպանության նախարարի հայտարարությունները և ռազմականացման մշտական գործընթացը: «Մինչև ապրիլյան պատերազմն Ադրբեջանը զգալի գումար է ծախսել սպառազինության ձեռքբերման նպատակով, հիմա նման հնարավորություն չունի: Սակայն, որպեսզի ցույց տա, որ Բաքուն շարունակում է զինվել, երկրի իշխանությունները երբեմն թանկարժեք տեխնիկա են ձեռք բերում՝ ինչպես Вell-412 ամերիկյան ուղղաթիռները»,- ընդգծել է Իսկանդարյանը:
Փորձագետը նաև բացառել է Արցախի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հնարավորությունը, սակայն չի բացառել ապրիլյան իրադարձությունների կրկնությունը: Լայնամասշտաբ պատերազ, քաղաքագետի կարծիքով, չի կարող լինել, քանի որ բարձր ռիսկի պայմաններում խոշոր ձեռքբերումների հնարավորություններն աննշան են: «Նման էսկալացիա կարող է կրկնվել՝ մոտավորապես նույն մասշտաբով, սակայն պետք է հաշվի առնել, որ այժմ միանգամայն այլ իրողություն է: Արցախը զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը շփման գծում, իսկ Բաքուն դասեր է քաղել ապրիլյան իրադարձություններից»,- նշել է քաղաքագետը: Այս առումով Իսկանդարյանը նշել է, որ Նախիջևանում վերջերս տեղի ունեցած ողջ ակտիվությունն ընդամենը PR քայլ է: «Բաքուն կարող է Նախիջևանի վրա հարձակվելու փորձ կատարել լայնամասշտաբ պատերազմի դեպքում միայն, իսկ նման բան մոտ ապագայում չի սպասվում»,- ընդգծել է փորձագետը: