Արմինֆո.Ստեփանակերտում խիստ կոշտ են արձագանքել Ադրբեջանի Զինված ուժերի ստեղծման 100-ամյակի կապակցությամբ Բաքվի «Ազադլըգ» հրապարակում զորահանդեսի ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին:
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Ալիևի հայտարարություններին, համոզմունք է հայտնել, որ միջազգային հանրությունը պետք է անհապաղ արձագանքի այդ հայտարարություններին, որոնք ոչնչով չեն տարբերվում ահաբեկիչների արմատական հայտարարություններից: Նրա խոսքով, պետք է մտահոգի նաև այն փաստը, որ նման հայտարարություններ է անում պետության ղեկավարը՝ մարդ, ով մի շարք միջազգային պարտավորություններ է ստանձնել և ով պետք է հավատարիմ մնա որոշակի նորմերի ու սկզբունքների:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսման հնարավորությանը, մեր ուղերձն Ալիևին հետևյալն է՝ մենք միշտ պատրաստ ենք պաշտպանել մեր հայրենիքը: Եթե Բաքուն կրկին համարձակվի հերթական ռազմական արկածախնդրության գնալ, Արցախի դրոշը կծածանվի ադրբեջանական բոլոր պետական հիմնարկների վրա: Ավելին, կարծում եմ, որ այդ կապիտուլյացիայի շքերթին ներկա կգտնվի նաև Ալիև՝ որպես ռազմագերի»,- ասել է Բաբայանը:
Միաժամանակ նա նշել է, որ Ալիևի հայտարարությունները լուրջ մտահոգություն են հարուցում, քանի որ վտանգ են ներկայացնում միջազգային անվտանգության համար, և միջազգային հանրությունը պետք է պատշաճ կերպով արձագանքի դրան:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում, արձագանքելով Ալիևի հայտարարութուններին, մասնավորապես, գրել է. «Անագե զորքերի գերագույն գլխավոր հրամանատարն ամենաժամանակակից զենքով գրոհում է հնարավոր բոլոր բարձունքները, ինչպես նաև փոստը, հեռագիրը և այլն: Ադրբեջանի ժողովուրդը ցավով փաստում է՝ իմաստությունը ժառանգաբար չի փոխանցվում»:
Նշենք, որ Ալիևն այսօր զորահանդեսի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է դրա միայն առաջին փուլը: Նա հավաստիացրել է, որ Ադրբեջանը երբեք չի համակերպվի «օկուպացիայի հետ և կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»: «Մենք ի վիճակի ենք ոչնչացնել թշանամու ցանկացած ռազմավարական օբյեկտ: Հայաստանը չի կարող և դեռ երկար չի կարողանա մրցակցել մեզ հետ: Պատմական ճշմարտությունը, միջազգային իրավունքը մեր կողմն են: Ապրիլյան հաղթանակը և Նախիջևանում հաղթանակն էլ ավելի բարձրացրեցին մեր ժողովրդի հայրենասիրական ոգին: Կգա օրը, երբ օկուպացիայից ազատագրաված հողերի վրա բարձրացված Ադրբեջանի դրոշը կցուցադրվի «Ազադլըգ» հրապարակում զորահանդեսի ժամանակ»,- ասել է Ալիևը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ