


Արմինֆո.Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի բազմամիլիոն կարողության ծագման օրինականությունը պետք է ուսումնասիրեն քննչական մարմինները: Այդ մասին ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ այդ գործն ավարտին կհասցվի, և ոչ ոքի մոտ կասկածներ չպետք է առաջանան այս առնչությամբ: Ըստ որում, Փաշինյանը տարակուսանք է հայտնել այն փաստի առնչությամբ, որ ակտիվիստները դեռ շարունակում են բողոքի ակցիաներ անցկացնել: «Մի՞թե կառավարությունն առիթ է տվել կասկածների, որ բոլոր հրատապ հարցերը կլուծվեն, այդ դեպքում ինչի համար են բողոքի ակցիաները: Դրանք կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե մենք կասկածելու տեղիք ենք տալիս, բայց դա չկա»,- հայտարարել է Փաշինյանը:
Ըստ որում, նա ընդգծել է, որ բոլոր գործերը պետք է փաստացի հիմնավորված լինեն: «Հայաստանում քաղաքական հետապնդումներ չպետք է լինեն: Մանվել Գրիգորյանի առնչությամբ համացանցում գրեցին, որ ձերբակալել են ազգային հերոսի: Պատկերացնում եք, եթե Գրիգորյանի մասին հրապարակվեր փաստերի վրա չհիմնված տեղեկատվություն: Ողջ գործընթացը կձախողվեր: Այնպես որ՝ ակցիաներ անցկացրեք, երբ տեսնում եք, որ կառավարությունն այդ հարցերով չի զբաղվում: Կրկին կոչ եմ անում դադրեցնել քաղաքացիական անհնազանդության ակցիաները: Ինչ-որ մեկը մտածում է, թե Տարոն Մարգարյանի կամ մյուսների գործն առանց քննությա՞ն կմնա: Մեր գործողությունները հիմնված կլինեն փաստերի վրա»,- հայտարարել է նա:
Վարչապետը հայտնել է նաև, որ Մարգարյանի ունեցվածքի մասին նյութերը կցված են «Երևան» հիմնադրամի գործունեությանն առնչվող գործին, որի հոգաբարձուների խորհրդի ղեկավարը քաղաքապետն է:
Նշենք, որ համացանցում տեսանյութ է հայտնվել Տարոն Մարգարյանի բազմամիլիոն կարողության մասին:



