Արմինֆո. Պետական վերահսկողության ծառայությունը խոստանում է թափանցիկ աշխատել: «Տարիներ շարունալ Հանրապետական կուսակցությունը հանրությանը սխալ մեսիջներ է ուղարկել, որ ձայն մի հանեք, սահմանին կարող են խնդիրներ լինել: Մենք պետք է խնդիրները բարձրաձայնենք, որպեսզի դրանք չկրկնվեն»,- հունիսի 21-ին հայտարարել է
Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ մենկաբանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությունն այն մասին, որ «բանակի հետ պետք է զգույշ լինենք՝ հատկապես այն ժամանակ, երբ սահմանին հակառակորդի ուժերի կուտակումներ են նկատվում»:
Ինչպես նշել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավարը, Սասուն Միքայելյանի կարծիքը հարգանքի է արժանի, սակայն, գերատեսչությունն իր առաջնահերթություններն ունի: «Նկատի ունենալով այն փաստը, որ առաջնագծում խնդիր ունենք՝ թիկունքը պետք է ճիշտ կազմակերպվի, թիկունքում խախտումներ և հանցագործություններ չպետք է լինեն»,- նշել է նա:
Սանասարյանի խոսքով, ինքը ցանկանում է, որպեսզի նոր նախարարը ամբողջովին մաքրված գործի անցնի և իր լիազրություններն իրականացնի՝ մտահոգություններ չունենալով, որ թիկունքում օրենքի բազմաթիվ լուրջ խախտումներ են արվել: «Այդպիսով՝ մենք չենք պատրաստվում վնասել կամ ինչ-որ մեկին բան ապացուցել»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ Պաշտպանության նախարարությունը պետք է մաքուր, ուժեղ լինի, իսկ մսխված միջոցները պետք է վերադարձվեն բյուջե:
Միաժամանակ պատասխանելով այն դիտարկմանը, որ ՊՆ ներկայիս ղեկավարն ավելի վաղ՝ չարաշահումների իրականացման շրջանում, աշխատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնում, և արդյոք պատասխանատվության իր բաժինը չունի դրանում՝ Սավիթ Սանասարյանը պատասխանել է, որ Դավիթ Տոնոյանի հետ կապված որևէ խնդիր չկա:
«Եթե այս փոփոխություններից հետո պետք է նայենք, որ այս կամ այն նախարարը մեր ընկերն է, բարեկամն է, ապա ինչի՞ համար են այս փոփոխությունները, եթե իմ հեղափոխական ընկերներն իրենց գերատեսչություններում խախտեն օրենքը, ավելի մեծ պատասխանատվություն կկրեն, քան մյուսները»,- հայտարարել է նա: «Տարիներ շարունակ պետական միջոցները մսխվել են, և այսօր մենք պետք է վերջ դնենք այդ երևույթին»,- ասել է Սանասարյանը: