Արմինֆո. Հայաստանի նոր իշխանությունները հայտարարել են, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխություն նախատեսված չէ: Այդ մասին ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Մենք շարունակում ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն իրականացնել, որը բացառում է Հայաստանում գերտերությունների շահերի բախումը»,-հայտարարել է Գրիգորյանը:
««Թավշյա հեղափոխության» ժամանակ մեր առջև դրված խնդեիրները վերաբերել են ներքին քաղաքականությանը, ժողովուրդը մեզ մանդատ տվեց ներքին բարեփոխումների իրականացման համար»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ նոր կառավարության գործունեությունում առաջնայինը կոռուպցիայի և հովանավորչության դեմ պայքարն է:
Խոսելով ղարաբաղյան խնդրի և Ադրբեջանի վերջին ակտիվության մասին՝ ԱԱԽ քարտուղարը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում վերջնական նպատակը պետք է լինի Արցախի միավորումը Հայաստանին: Ինչ վերաբերում է Բաքվի ակտիվացմանը, Գրիգորյանի խոսքով, վերջին ժամանակներս Ադրբեջանն իր տարածքում դիրքային փոփոխություններ է կատարել: «Մենք նման փոփոխություններ կատարել ենք 2016 թվականին: Իհարկե, դա չի ողջունվում, կան ռիսկեր, սակայն Հայաստանի պաշտպանության նախարարությունն այդ ռիսկերի մինիմալացմանն ուղղված քայլեր է ձեռնարկում»,- ամփոփել է նա: