Արմինֆո.ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանի ամբիոնից ներկայացրել է Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հիմքերը:
Նա ընդգծել է, որ քննության նյութերը հիմք են տալիս Մանվել Գրիգորյանին գործով որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու` ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և իր կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու համար:
Դավթյանի խոսքով, անձինք, որոնց անունները նա նշել է, մասնակցություն են ունեցել նրան մեղսագրվող արարքներից մեկին: Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել: Եվ մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի այսօր: «Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները մասնակից են նրա կատարած հանցագործություններին»,- ասել է նա:
Նշենք, որ խորհրդարանն այսօր գաղտնի քվեարկությամբ Գրիգորյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից: