Արմինֆո. ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կքվեարկի գեներալ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին:
«Դա ամենաքիչն է, որ կարող եմ անել գործի օբյեկտիվ հետաքննության համար»,- հայտարարել է Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ գեներալի տանը խուզարկության մասին տեսանյութը, ինչպես և իր կուսակիցների մոտ, շոկ և վրդովմունք է առաջացրել: Միաժամանակ նա հրաժարվել է պատասխանել, թե կարող էր այդ ամենի մասին տեղյակ լինել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Հովհաննիսյանը միայն ընդգծել է, որ գործով բոլոր մեղավորները պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն: Ըստ որում, ինչպես և իր կուսակիցները, նա կոչ է արել հավատարիմ մնալ անմեղության կանխավարկածին:
Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հարցի շուրջ ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 19-ին՝11:00-ին: ՀՀԿ խմբակցությունը դեռ չի հայտնել այդ հարցի առնչությամբ իր դիրքորոշման մասին: